«Ես էլ կուզեի թշնամուց 150 կմ հեռու լինել». Սյունիքի մարզպետը` ցուցարարներին

Սյունիքի մարզպետը Կապանի օդանավակայանի ճանապարհը փակած մարդկանց առաջարկեց մի սեղանի շուրջ նստել և ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը եկել է Կապանի օդանավակայանի ճանապարհը փակած սյունեցիների հետ հանդիպման։ Նա հայտարարեց, որ ճանապարհ փակելն անթույլատրելի է։

Հարությունյանը Սյունիքում քննարկել է սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը

«Մենք պետք է մի սեղանի շուրջ նստենք, խոսենք, ում հետ պետք է` բանակցենք, հասկանանք, թե ինչպես լուծենք մեր ժողովրդի անվտանգության հարցը»,-ասաց նա։

Մարզպետը նշեց, որ ինքն էլ կուզեր թշնամուց 150 կմ հեռու լինել, բայց հիմա այսպես է ստացվել։

«Նախկին Խորհրդային Միության սահմաններն են, ի՞նչ անենք»,-ասաց նա։

Մարզպետի խոսքով՝ ինքը նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետ կապված հարց է բարձրացրել` արդյոք հայկական և ադրբեջանական կողմերն ըստ համաձայնագրի չպիտի մնային իրենց դիրքերում, նրան պատասխանել են, որ դա միայն Արցախի 7 շրջաններին էր վերաբերում։

Նրա պատասխանը զայրացրեց ցուցարարներին։

«Ստացվում է` եկանք այն եզրահանգման, որ ով որտեղ ուզի, կկանգնի»,-ասաց ցուցարարներից մեկը։

Մյուսն էլ վստահեցրեց, որ ըստ համաձայնագրի` յուրաքանչյուրը պետք է մնա իր տեղում, բայց թշնամին խախտում է փաստաթղթի առաջին կետը։

«Ըստ փաստաթղթի` իրենք հիմա խախտում են կատարում, բայց ոչ մեկը դրա մասին չի խոսում, բոլորը լուռ են»,-ասաց նա։

«Ես ձեզ հետ եմ, եկեք հասկանանք, ում ենք կանչելու, որ իր հետ բանակցենք, թե չէ ճանապարհ փակելով խնդիրը չի լուծվի։ Եթե որոշենք` կռվելու ենք, ես ձեզ հետ միասին կկռվեմ, եթե որոշենք` բողոքելու ենք, ես ձեզ հետ միասին կբողոքեմ»,-նշեց Սյունիքի մարզպետը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։

Սահմանը քարտեզը չէ, գրիչի ու ֆլոմաստերի գիծը չէ. Սարհատ Պետրոսյան