Այրվող աթոռ․ նկարիչ Ռուբեն Մալայանը յուրահատուկ պերֆորմանս է կազմակերպել

Արվեստագետն իր նախաձեռնությունն անվանել է «Making of Հայրենիք» («Հայրենիք ստեղծելով»)։ Կադրերում երևում է նաև #ArtsakhStrong գրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Նկարիչ և դիզայներ Ռուբեն Մալայանը յուրահատուկ պերֆորմանս է նախաձեռնել և այրվող աթոռի պատկերով սև ու սպիտակ լուսանկար հրապարակել համացանցում։ Լուսանկարի վրա խոսուն գրություն է՝ «Հայրենիք»։

Նա նաև այրվող աթոռով տեսագրություն է հրապարակել Facebook-ում և իր պերֆորմանսն անվանել «Making of Հայրենիք» («Հայրենիք ստեղծելով»)։ Այնտեղ հայտնվում է նաև #ArtsakhStrong հեշթեգը, որն արցախյան երկրորդ պատերազմի կարգախոսներից է, նշանակում է՝ «Արցախն ուժեղ է»։

«Կարծում եմ՝ այրվող աթոռն ամենից լավ է խորհրդանշում երկրում տեղի ունեցող իրադարձությունները», - ասաց Մալայանը Sputnik Արմենիային։

Նա պաստառը պատրաստել է լուսանկարիչ Վահագն Ստեփանյանի հետ։

Մտահղացումը որոշ ժամանակ առաջ է ծագել, իսկ դրա իրականացմանը նպաստել է վերջին օրերի մառախլապատ եղանակը։

Նկարիչը պատրաստվում է հնարավորինս տարածել պաստառը, որպեսզի մարդիկ մտածեն երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել։ Երթերի ու հանրահավաքների մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ընդդիմադիր կուսակցությունները ստեղծել են Հայրենիքի փրկության շարժում ու վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանին։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի տված վերջնաժամկետի (դեկտեմբերի 8, ժամը 12.00) ավարտից հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ուղիղ եթերում հայտնեց, որ Հայրենիքի փրկություն շարժումը սկսում է խաղաղ անհնազանդության ամենօրյա ակցիաներ իրականացնել։