«Ադրբեջանցիները գալու են, այս սարերում դիրքավորվեն». կապանցիները ճանապարհ են փակել

Ակցիայի մասնակիցների խոսքով` ադրբեջանական դիրքերը Կապանից ընդամենը 300 մետր հեռավորության վրա են լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան համայնքում բնակիչները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Բողոքի ակցիայի պատճառը սահմանների անվտանգության խնդիրն է։

«Ադրբեջանցիները գալու են, այ այս սարերում դիրքավորվեն։ Ո՞նց եք պատկերացնում` այդ պայմաններում մենք ո՞նց ենք ապրելու այստեղ, ո՞նց ենք օդանավակայանը շահագործելու»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրա խոսքով` ադրբեջանական դիրքերը Կապանից ընդամենը 300 մետր հեռավորության վրա են լինելու։

«Թուրքը սնայպերով խփում է իմ գերեզմանին». լարված իրավիճակ Սյունիքում

Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ՀՀ պատկան կառույցների և ռուս խաղաղապահ ուժերի ղեկավարության հետ` նրանցից պարզաբանում ստանալու ակնկալիքով։

Նշենք, որ այսօր Սյունիք է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերը Սյունիքի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին Ախ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ «Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքները, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն` ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»,– ասել էր նա։

Նա չէր բացառել, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։

Հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը