73 հայ զինծառայողների գերեվարման մասին լուրերը հաստատված չեն․ Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ կորած 73 հայ զինծառայողները, ըստ երևույթին, երկու տարբեր զինվորական ստորաբաժանումներից են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Ադրբեջանից տվյալներ են պահանջել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մերձակայքում անհետացած 73 հայ զինվորականների ճակատագրի վերաբերյալ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Գերիների հարցը հանգուցալուծված չէ. Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում

Նրա խոսքով՝ ադրբեջանական գերության մեջ այդ մարդկանց գտնվելու մասին միանշանակ վկայություններ չկան։

 «Ադրբեջանական կողմը ոչ պաշտոնապես հրապարակել է երկու տեսագրություն, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ այդ զինծառայողները գերի են ընկել։ Սակայն այդ տեղեկությունը մինչև վերջ ստուգված չէ։ Այժմ մենք փորձում ենք ավելի ճշգրիտ տվյալներ ստանալ ինչպես մեր սեփական աղբյուրներից, այնպես էլ Ադրբեջանից, որպեսզի պարզենք, թե ինչպիսին է այդ կորած մարդկանց ճակատագիրը»,-հայտնել է Բեգլարյանը։

Նրա խոսքով, նման գնահատականը կառուցվում է տարբեր աղբյուրներից ստացված տվյալների, այդ թվում՝ այդ թեմայով պաշտոնատար անձանց հայտարարությունների, ինչպես նաև Հադրութի շրջանում գտնվող հայ զինծառայողների ցուցմունքների հիման վրա:

Երևանն ու Բաքուն շարունակում են գերիների փոխանակման գործընթացը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

«Այն տվյալները, որոնց մենք այսօր տիրապետում ենք, բավարար չեն միանշանակ պնդելու համար՝ նրանց գերի են վերցրել, թե ոչ»,-ընդգծել է Բեգլարյանը։

Նա ավելացրել է, որ անհետացած 73 զինվորականները, ըստ երևույթին, երկու տարբեր զինվորական ստորաբաժանումներից են, սակայն այդ տեղեկությունը նույնպես ստուգման կարիք ունի։

Հայ գերիների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել հայտարարվածից. Այվազյանը կասկածներ է հայտնել

Նշենք, որ հակառակորդը, խախտելով Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օրեր առաջ հարձակվել է Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի վրա, որոնք մնացել էին հայկական ուժերի վերահսկողության տակ: Հարձակման արդյունքում հայ զինվորականները հայտնվել են շրջափակման մեջ։ Արցախի պաշտպանության բանակի տվյալներով՝ մինչ օրս անհայտ է մոտ 73 մարդու ճակատագիր։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մի խումբ հայ զինծառայողներ այդ հատվածում դուրս են բերվել շրջափակումից: Գործողությունն իրականացվել է ռուսական խաղաղապահ ուժերի ակտիվ գործողություններից հետո, զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անձնական միջնորդությամբ: