Ընդդիմությունը դեկտեմբերի 22-ը հայտարարել է համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը վստահեցնում են, որ դեկտեմբերի 22-ը լինելու է պայքարի ամենավճռական օրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. «Հայրենիքի փրկության շարժման» այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի: «Արժանապատվության երթի» ընթացքում այդ մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Երեքշաբթի օրը, ժամը 12:00-ից սկսած ամբողջ Հայաստանում հայտարարվում է գործադուլ և դասադուլ: Ժամը 12:00-ին մենք բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»,– ասաց նա։

Նա նաև նշեց, որ դեկտեմբերի 22-ը լինելու է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի ամենավճռական օրը։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունները ստեղծել են Հայրենիքի փրկության շարժում ու վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանին։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի տված վերջնաժամկետի (դեկտեմբերի 8, ժամը 12.00) ավարտից հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ուղիղ եթերում հայտնեց, որ Հայրենիքի փրկություն շարժումը սկսում է խաղաղ անհնազանդության ամենօրյա ակցիաներ իրականացնել։