ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը լրացուցիչ վարձատրություն ստացել է, բայց ոչ թե պարգևավճարի, այլ 13-րդ աշխատավարձի տեսքով։
Այս մասին ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, Facebook-ում պարզաբանում է հրապարակել ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։
«Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով», ինչը տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական և թե՛ մասնավոր կառույցներում, և աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը»,– գրել է Գալստյանը։
Պաշտոնյան հատուկ ընդգծում է, որ ԱԺ պատգամավորները 13-րդ աշխատավարձ չեն ստացել, որովհետև նման որոշում է կայացրել ԱԺ նախագահը։
Նշենք, որ ԱԺ–ի կայքում ներկա պահին 13-րդ աշխատավարձին վերաբերող որևէ որոշում հրապարակված չէ։ Այս առիթով Գալստյանը նշում է. «Համապատասխան կարգադրությունն ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է դեկտեմբերի 14-ին, որը ենթակա է հրապարակման երկօրյա ժամկետում»։
Գալստյանը նաև հայտնում է, որ 2020թ-ի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը պարգևատրումների և բազմաթիվ այլ ծախսերից հոդվածների համար նախատեսված հատկացումներից տնտեսել ու պետական բյուջե է փոխանցել շուրջ 845 մլն դրամ:
Իսկ մինչև տարեվերջ պետական բյուջե ուղղվող ընդհանուր տնտեսումների չափը ԱԺ աշխատակազմի ղեկավարի հաշվարկով կհասնի առնվազն 1.2 միլիարդ դրամի, որը ԱԺ տարեկան բյուջեի 20 տոկոսն է։
Նշենք, որ մամուլում այսօր տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ԱԺ–ում թաքում պարգևավճարներ են վճարվել աշխատավարձի 100 տոկոսի չափով։