ՌԴ–ն ամեն ինչ անում է Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է իրավիճակը Ղարաբաղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն անում է հնարավորը տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հարցը։

Երևանն ու Բաքուն շարունակում են գերիների փոխանակման գործընթացը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

«Մենք ելնում ենք նրանից, որ հակամարտության կողմերը նույնպես սրան են ձգտում»,-ասել է Զախարովան:

Նշենք, որ այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Հադրութի Խծաբերդ գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր հայտնեց, որ երեկ երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում` հայ զինվորականների գերեվարման հավանականությունը պարզելու, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատեց, որ ըստ նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։

Գերիների հարազատները չլսեցին Շիրակի մարզպետին. Գյումրիում և գյուղերում բողոքի ակցիաներ են

Հետո հայտնի դարձավ, որ ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։ Նրանք և բազմաթիվ շիրակցիներ այսօր մարզում ճանապարհներ էին փակել ի նշան բողոքի։ 

Հավելենք` մամուլում օրեր առաջ տեղեկություններ կային, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:

Այս գյուղերում դեկտեմբերի 11-ին և 12-ին արդեն իսկ մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։

Գյուղերը ներկա պահին դարձյալ վերադարձվել են ադրբեջանական կողմին ու գտնվում են Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ։

Նշենք, որ համացանցում տարածվել է նորացված քարտեզ, որում Խծաբերդն ու Հին Թաղերը ներկայացված են որպես ադրբեջանական վերահսկողության տարածք։ Այս մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հրապարակած նոր քարտեզը։