Մենք մեր երեխաներին ենք ուզում. գերեվարված շիրակցիների ծնողները ժամանակ տվեցին մինչև վաղը

Մարզպետը հայտնել է, որ Ստեփանակերտում բանակցություններ են ընթանում, բայց շոշափելի արդյունք դեռ չկա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված և գերեվարված զինծառայողների հարազատները, մարզպետարանում կայացած հանդիպմանը Շիրակի մարզպետին և նորանշանակ ոստիկանապետին ժամանակ տվեցին մինչև վաղը 18:00:

Մենք մեր երեխաներին ենք ուզում. գերեվարված շիրակցիների ծնողները ժամանակ տվեցին մինչև վաղը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը խոստացավ վաղը հանդիպումներ ունենալ ՀՀ ՊՆ և գերիների հարցերով զբաղվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ ու  նրանց փոխանցել գերիների հարազատների՝ Գյումրիում հանդիպելու առաջարկը: Ծնողներն առաջարկեցին նաև հանդիպման հրավիրել Շիրակի զինկոմին և շրջափակման մեջ գտնվող ջոկատի հրամանատարին:

«Մեր պահանջը մեկն է՝ հետ բերեք մեր տղաներին: Տղաս մաքուր խղճով սեպտեմբերի 27-ից հետո երկրորդ անգամ է գնացել հայրենիքը պաշտպանելու, ո՞ւր է որդիս, ու՞ր էր երաշխիքը, որ տղաս ու իր ընկերները հետ են գալու: Խաբեցին, 160 մարդու միայն Շիրակից տարան գերի գցեցին»,- բորբոքված նշեց գերության մեջ հայտնված տղաներից մեկի հայրը:

Մենք մեր երեխաներին ենք ուզում. գերեվարված շիրակցիների ծնողները ժամանակ տվեցին մինչև վաղը

Շիրակի մարզպետը հայտնեց, որ գերիների ազատման ուղղությամբ բանակցություններ են տարվում բարձր մակարդակներով:

«Ստեփանակերտում բանակցություններ են ընթանում, շոշափելի բան այս պահին չունենք: Ցերեկը լավատեսական տեսանյութեր կային, բայց դեռևս ոչ մեկի մասով պաշտոնական բան չկա, դրա համար եկեք չշտապենք ու այլ հայտարարություններ չանենք»,-նշեց մարզպետը:

Հանդիպումն ավարտվեց վաղը 18-ին կրկին հանդիպելու պայմանավորվածությամբ:

Մենք մեր երեխաներին ենք ուզում. գերեվարված շիրակցիների ծնողները ժամանակ տվեցին մինչև վաղը

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ տեղեկացրել էր, որ Խծաբերդի ուղղությամբ մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել: