Հայաստանն ու Իրանը մտադիր են դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսել

Կողմերը պայմանավորվել են տեսակոնֆերանսներ կազմակերպել Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների և բժիշկների միջև կորոնավիրուսի համավարակի բուժման ընթացակարգերի վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի և դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Նուրաիի հետ հանդիպմանը քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մենք շատ բարձր ենք գնահատում Իրանի գործընկերների հետ ուղիղ շփումը և շնորհակալ ենք այս ծանր իրավիճակում ցուցաբերված մարդասիրական օգնության համար: Վստահ եմ, որ հետագայում նույնպես մեր բարեկամական հարաբերությունները շարունակվելու են, հատկապես կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված իրավիճակը հաղթահարելուց հետո», - ասել է Արսեն Թորոսյանը:

Կողմերը պայմանավորվել են տեսակոնֆերանսներ կազմակերպել Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների և բժիշկների միջև կորոնավիրուսի համավարակի բուժման ընթացակարգերի վերաբերյալ, մանրամասն քննարկվել է դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը:

Պատերազմ, կորոնավիրուսի նոր ալիք ու գնաճ. ԿԲ–ն դրական զարգացումներ չի կանխատեսում

«Հաշվի առնելով մեր 2 երկրների մշակութային կապը` ես վստահ եմ, որ այսուհետև մեր հարաբերությունները ավելի կզարգանան: Հզոր և հարուստ Հայաստանը պարծանք է հարևան երկրի համար, հետևաբար մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մեծ հաջողություններ ունենա և համագործակցության արդյունքում հնարավորինս զարգացնի առողջապահական ոլորտը` հասցնելով իր գագաթնակետին: Հուսով եմ, որ առաջիկա 5-6 ամսվա ընթացքում համագործակցության ընթացքում շոշափելի արդյունքի կհասնենք», - ասել է Իրանի դեսպանը։

Դեսպանը նշել է, որ անկախ երկրում ստեղծված պայմաններից, առողջապահության ոլորտը պետք է շարունակի աշխատել: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի ամրապնդել այս ոլորտում համագործակցությունը։

Վերականգնողական նոր կենտրոն կբացվի. Արսեն Թորոսյանը հայտնեց ազգային ծրագրի ստեղծման մասին