ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոր ռազմագերիների վերաբերյալ տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել մի շարք մարմինների ու Հադրութի շրջանում գտնվող որոշ զինծառայողների հետ և պարզել, որ երեկ 60 զինծառայող է կորել:
«Ըստ իմ հավաքագրած նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում, բարձր հավանականությամբ որն էլ երևում է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում»,– Facebook—ի իր էջում գրել է նա:
Նրա խոսքով` բացարձակ անընդունելի է այս միջադեպը, որը պետք է արագորեն ու խստորեն քննվի իրավապահ մարմինների կողմից՝ պարզելու համար բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը:
ԱՀ և ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ: Դրանից բացի, անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից ու ավելորդ լարվածություններից:
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր հայտնեց, որ երեկ երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում` հայ զինվորականների գերեվարման հավանականությունը պարզելու, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։
Նշենք` մամուլում տեղեկություններ կային, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:
Այս գյուղերում դեկտեմբերի 11-ին և 12-ին արդեն իսկ մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։
Գյուղերը ներկա պահին դարձյալ վերադարձվել են ադրբեջանական կողմին ու գտնվում են Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ։
Համացանցում տարածվել է նորացված քարտեզ, որում Խծաբերդն ու Հին Թաղերը ներկայացված են որպես ադրբեջանական վերահսկողության տարածք։ Այս մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հրապարակած նոր քարտեզը։