ՌԱԴԻՈ

Իրավասու պաշտոնյաները կցկտուր պատասխաններ են տալիս ու ավելի են խորացնում անորոշությունը

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում վերջին օրերին ադրբեջանցիների իրավասության ներքո անցած բնակավայրերի հետագա ճակատագրին և գերիների ու անհետ կորածների խնդրին։ 
Sputnik
Իրավասու պաշտոնյաները կցկտուր պատասխաններ են տալիս ու ավելի են խորացնում անորոշությունը

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ մտահոգիչ, ինչն առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ երկարատև խաղաղության ու կայունության առումով որևէ լավատեսական ուղերձ առ այս պահը նկատելի չէ, և նույնիսկ այն պարագայում, որ նոյեմբերի 9-ին ստորագրվեց մեզ համար ողբերգական բնույթի փաստաթուղթ բոլոր հետևանքներով, դրանից հետո էլ վտանգավորության աստիճանը շարունակում է որոշակի մակարդակում մնալ։ 

Հայ գերիների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել հայտարարվածից. Այվազյանը կասկածներ է հայտնել

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո և՛ սահմանային, և՛ մարդկային կորուստների, և՛ անհետ կորածների առումով կրկին մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում, ու այն, ինչը նկատելի է նաև միջազգային խաղացողների վարքագծից, հատկապես Թուրքիայի վարած քաղաքականությունից, հասկանալի է, որ փորձ է արվելու այս լարվածությունն Արցախում դեռ երկար ժամանակ պահել»,– նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Անդրադառնալով Հադրութի և Շուշիի շրջանների բնակավայրերի հետագա ճակատագրին, Աբրահամյանն ընդգծեց, որ չնայած պաշտոնատար անձինք հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը` նշում են, որ դրանք պետք է գտնվեն Արցախի վերահսկողության ներքո, բայցևայնպես տվյալ բնակավայրերի շուրջ տեղի են ունենում մտահոգիչ իրադարձություններ, և դեռ պարզ չէ, թե դրանք աշխարհագրական առումով ինչպիսի ընդգրկում կունենան։

Օնիկ Գասպարյանը մեկնում է Արցախ` շիրակցի գերիների հարցով Մուրադովի հետ հանդիպման. մարզպետ

Աբրահամյանը ցավով արձանագրեց, որ Հայաստանում և Արցախում չկա գեթ մեկ պաշտոնյա, ով վստահ կասի, թե հիշյալ բնակավայրերը պետք է, հայտարարության համաձայն, մնան հայկական կողմի վերահսկողության տակ և դրա համար արվելու է ամեն ինչ։

Ըստ նրա` հնչող հայտարարություններն առավելապես կցկտուր բնույթ են կրում և ավելի են խորացնում առկա անորոշությունը։

Աբրահամյանի համոզմամբ` պատկան մարմինները, որոնք իրավասու են զբաղվելու գերիների ու անհետ կորածների խնդրով, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ձախողել են հիմնական գործընթացը, որը սկսվել է բավականին ուշ,քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կոնկրետ ժամանակացույց նախատեսված չի եղել։