ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանը Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը կդիտարկի այն դեպքում, եթե Ադրբեջանը անհամաձայնություն հայտնի Արցախի կարգավիճակի հարցը բանակցությունների օրակարգում թողնելու վերաբերյալ, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը ֆրանսիական «Le monde» օրաթերթին տված հարցազրույցում։
«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է խաղաղության տանող բանակցությունների հիմնաքարը։ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը զուտ այն պատճառով, որպեսզի հնարավորություն, շանս ընձեռի բանակցությունների միջոցով հասնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը»,-ասել է նա։
Այվազյանը շեշտել է՝ ոմանք սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից։
«Այդ առնչությամբ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են, որ Արցախի կարգավիճակի հարցը մնալու է բանակցությունների օրակարգում»,-ասել է ՀՀ արտգործնախարարն ու ընդգծել՝ տվյալ հարցում Ադրբեջանի անհամաձայնության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի Հանրապետության ճանաչման հնարավորությունը։
Տարածաշրջան այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։