ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութը համապատասխանում է իրականությանը։
«Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր հայտնեց, որ երեկ երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում` հայ զինվորականների գերեվարման հավանականությունը պարզելու, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։
Նշենք` մամուլում տեղեկություններ կային, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:
Այս գյուղերում դեկտեմբերի 11-ին և 12-ին արդեն իսկ մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։
Գյուղերը ներկա պահին դարձյալ վերադարձվել են ադրբեջանական կողմին ու գտնվում են Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ։
Համացանցում տարածվել է նորացված քարտեզ, որում Խծաբերդն ու Հին Թաղերը ներկայացված են որպես ադրբեջանական վերահսկողության տարածք։ Այս մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հրապարակած նոր քարտեզը։