Գերիների հարազատները չլսեցին Շիրակի մարզպետին. Գյումրիում և գյուղերում բողոքի ակցիաներ են

Բնակիչներն արդեն փակել են Քեթիի և Ազատանի ճանապարհները և փորձում են փակել Գյումրի–Երևան ավտոճանապարհը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Շիրակի մարզում համատարած բողոքի ակցիաներ են` Հադրութում գերի ընկած 150 շիրակցիներին վերադարձնելու պահանջով։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հաղորդում է, որ Ազատան գյուղի բնակիչները առավոտվանից Գյումրիում էին` մարզպետարանի դիմաց։

Խծաբերդի մոտ կամավորականների 150 հոգանոց խումբ գերի է ընկել. մեծ մասը Շիրակի մարզից են

Նրանց մոտ դուրս եկավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ասաց, որ կփոխանցի նրանց Հայաստանի պաշտպանության նախարարությունից հեռախոսահամար, որին զանգելով կարող են տեղեկություններ ստանալ իրենց հարազատներից։ Սակայն ցուցարարները չցանկացան լսել մարզպետին` ասելով, որ այդ հեռախոսահամարը կեղծ է։

Շիրակցիները նաև փողոցներ են փակում։ Նրանք արդեն փակել են Քեթիի և Ազատանի ճանապարհները և փորձում են փակել Գյումրի–Երևան ավտոճանապարհի` Լանջիկ գյուղի հատվածը։

Նշենք, որ համաձայն շիրակցի Կարապետ Պողոսյանի տեղեկությունների` Հադրութի Խծաբերդ գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։

Հիշեցնենք` ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր հայտնեց, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Օրեր առաջ մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:

Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը

Այս գյուղերում դեկտեմբերի 11-ին և 12-ին, արդեն իսկ մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։

Այս երկու գյուղերը ներկա պահին դարձյալ վերադարձվել են ադրբեջանական կողմին ու գտնվում են Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ։

Նշենք, որ համացանոցում արդեն իսկ տարածվել է նորացված քարտեզ, որտեղ Խծաբերդն ու Հին Թաղերը ներկայացված են որպես ադրբեջանական վերահսկողության տարածք։

Այս մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հրապարակած նոր քարտեզը։

Հին Թաղերը կորցրել ենք, Խծաբերդում և՛ ադրբեջանցիներ կան, և՛ հայեր. Հադրութի շրջանի ղեկավար