Ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից

Ադրբեջանցի զինծառայողները խմբին ուղեկցել են մինչև ռուս խաղաղապահների տեղակայման կետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին Արցախի պաշտպանության բանակից։

«Մի քանի տասնյակ մարդիկ կարողացել է շրջափակումից դուրս գալ։ Շարունակվում են որոնողական աշխատանքները, փնտրում ենք նրանց, որոնք կապի դուրս չեն գալիս», – ասաց աղբյուրը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` 30 հոգանոց խումբը կարողացել է շրջափակումից դուրս գալ հայ զինվորականի բանակցությունների շնորհիվ։ Ադրբեջանցի զինծառայողները ուղեկցել են նրանց մինչև ռուս խաղաղապահների տեղակայման կետ։

Հիշեցնենք` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր հայտնեց, որ երեկ երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում` հայ զինվորականների գերեվարման հավանականությունը պարզելու, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Գերիների հարազատները չլսեցին Շիրակի մարզպետին. Գյումրիում և գյուղերում բողոքի ակցիաներ են

Նշենք` մամուլում տեղեկություններ կային, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:

Այս գյուղերում դեկտեմբերի 11-ին և 12-ին արդեն իսկ մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։

Գյուղերը ներկա պահին դարձյալ վերադարձվել են ադրբեջանական կողմին ու գտնվում են Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ։

Նշենք, որ համացանցում տարածվել է նորացված քարտեզ, որում Խծաբերդն ու Հին Թաղերը ներկայացված են որպես ադրբեջանական վերահսկողության տարածք։ Այս մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հրապարակած նոր քարտեզը։