Արայիկ Հարությունյանը խոստանում է` քաղաքացիներին կտրամադրեն բնակարաններ, հիփոթեքը կվճարեն

Արցախում պատրաստվում են իրականացնել մեծամասշտաբ ծրագրեր` երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել, որում նշել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։

Հարությունյանը խոստանում է, որ երեք տարում Արցախի բոլոր անօթևաններին կապահովեն բնակարանային պայմաններով, առաջիկա երեք տարում քաղաքացիների փոխարեն պետությունը կվճարի նրանց հիփոթեքային վարկերի գումարներն ու դրանց տոկոսները։

«Պատրաստվում ենք զգալի աջակցություն ցուցաբերել ֆիզիկական ու իրավաբանական անձանց վարկերի սպասարկման մասով, էականորեն մեծացնել շինանյութերի հատկացման ծրագիրը՝ գյուղերի բնակֆոնդի պայմանների բարելավման նպատակով, առնվազն վեց ամիս շարունակ գործազուրկ քաղաքացիներին հատկացնել ամսական 68,000 ՀՀ դրամ սոցիալական աջակցություն, առնվազն մեկ տարի շարունակ սուբսիդավորել գազի, էլեկտրաէներգիայի, կապի ֆիքսված ծավալների սպառումը և այլ կոմունալ ծախսերը», – գրել է նախագահը։

Հայաստանի հետ համատեղ մեկնարկել և շարունակվում է ոչ զինապարտ արցախցիներին ցուցաբերվող միանվագ ֆինանսական աջակցության ծրագիրը, ՀՀ հետ համատեղ արդեն գործում է նաև անօթևան մնացած քաղաքացիներին 250 000 – 300 000 դրամ աջակցության ցուցաբերման ծրագիրը։

Արայիկ Հարությունյանը բացատրեց` ինչու չի հրաժարվել Արցախի նախագահի պաշտոնից

Արցախում հայտարարվելու է հարկային համաներում և սահմանվելու են հարկային լայն արտոնություններ, գույքագրվելու են պատերազմի հետևանքով արձանագրված նյութական վնասները։ Երեք տարում ասֆալտապատվելու են բոլոր գյուղեր տանող ճանապարհները:

ԱՀ նախագահի խոսքով` ծրագրերի կյանքի կոչումը հնարավոր է լինելու Արցախի, Հայաստանի, համայն հայության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ռուսաստանի Դաշնության գործուն աջակցության շնորհիվ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Արայիկ Հարությունյանն առայժմ տեսաուղերձով հանդես չի գա. նա հայտարարություն է տարածել

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։