Ոչ մի մարտ չի մղվում. Խծաբերդն ու Հին Թաղերը վերադարձվել են ադրբեջանական կողմին

Ռուսական մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հերքել է ռուսական լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, թե Արցախում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ մարտերը վերսկսվել են: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ ՊԲ մամուլի ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը:

«Արցախում ամեն ինչ հանգիստ է, որոշ ռազմական գործողությունների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», - ասաց նա:

Տեղեկությունը հերքեցին նաև ռուս խաղաղապահ զորախմբի մամուլի ծառայությունից։

Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը

Հիշեցնենք` մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:

Այս գյուղերում դեկտեմբերի 11-ին և 12-ին, արդեն իսկ մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` այս երկու գյուղերը ներկա պահին դարձյալ վերադարձվել են ադրբեջանական կողմին ու գտնվում են Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ։

Նշենք, որ համացանոցում արդեն իսկ տարածվել է նորացված քարտեզ, որտեղ Խծաբերդն ու Հին Թաղերը ներկայացված են որպես ադրբեջանական վերահսկողության տարածք։

Այս մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հրապարակած նոր քարտեզը։

Հին Թաղերը կորցրել ենք, Խծաբերդում և՛ ադրբեջանցիներ կան, և՛ հայեր. Հադրութի շրջանի ղեկավար