Պատերազմ, կորոնավիրուսի նոր ալիք ու գնաճ. ԿԲ–ն դրական զարգացումներ չի կանխատեսում

ԿԲ նախագահը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ԿԲ–ն փորձում է կանխատեսվող գնաճը պահել 4 տոկոսի շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik․ Նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից բարձր է ընդամենը 0.2 տոկոսով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Այս պարագայում 12- ամսյա գնաճը կազմել է 1.6 տոկոս` դեռևս ցածր գտնվելով նպատակային 4 տոկոսի մակարդակից։ Նոյեմբերին շարունակել է ավելանալ նաև 12- ամսյա բնական գնաճը, որն ամսվա վերջին կազմել է շուրջ 2 տոկոս»,– ասաց Գալստյանը։

Հայաստանում գրանցված ու շարունակվող գնաճն, ըստ Գալստյանի պայանավորված է պարենային ու հումքային համաշխարհային շուկաներում վերջին շրջանում գրանցված գնաճով, որոնք ԿԲ նախագահը պայմանավորում է կորոնավիրուսի համավարակի առաջացրած բացասական միտումներով ու հաջորդ տարեսկզբից պատվաստանյութերի կիրառման մասին տեղեկությունների դրական ընկալումներով։

Կենտրոնական բանկը փորձում է կանխել հետագա գնաճը. Բագրատ Ասատրյանը` վերջին որոշման մասին

«Ելնելով նշված զարգացումներից` ԿԲ խորհուրդը գտնում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա կանխատեսվում է գնաճային ազդեցություն»,– ասաց ԿԲ նախագահը։

Արդեն այս տարվա երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 9.1 տոկոս։ Չորրորդ եռամսյակում ևս ԿԲ–ը դրական զարգացումներ չի կանխատեսում`վկայակոչելով պատերազմի հետևանքներն ու կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի բռնկման կանխատեսումները։

Եվ, այդուհանդերձ, այս կանխատեսումների ֆոնին ՀՀ ԿԲ–ն չի վերանայել տնտեսական աճի այս տարվա ցուցանիշը։ Այն 2020թ–ի համար շարունակում է մնալ 6.8% անկման սահմաններում։

Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Նշենք, որ կանխատեսվող գնաճային ճնշումները զսպելու համար ՀՀ ԿԲ–ն այսօր որոշում է կայացրել 1 տոկոսով ավելացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ԿԲ նախագահը հայտնեց, որ այս քայլով ԿԲ–ն փորձում է կանխատեսվող գնաճը պահել 4 տոկոսի շուրջ։
Նշենք, որ ներկա պահին, պաշտոնական վիճակագրության համաձայն, գնաճը 1.6 տոկոսի սահմաններում է։

Կենտրոնական բանկը փորձում է պահել գներն ու ֆինանսական կայունությունը. հայտարարություն