ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել է, որ պատրաստակամ է գործակցել բոլոր ուղղություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Նշվում է, որ դեկտեմբերի 14-ին կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու ԱԳՆ ներկայացուցիչները։

Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Առևտրի և ներդրումների խորհրդի գործունեությանը և հետագա քայլերին։

«Կարևորվել է համագործակցությունը և երկխոսությունը հաստատված հետևյալ ուղղություններով` առևտուր և ներդրումներ, ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն), TBT (առևտրի տեխնիկական խոչընդոտներ), SPS (սանիտարական և բուսասանիտարական հարցեր), GSP (արտոնությունների ընդհանրացված համակարգ), առևտրային դիվանագիտություն, բարձր տեխնոլոգիաներ և այլն, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ բիզնես հանդիպումների կազմակերպումը»,-նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ դեսպանը քննարկել են Արցախի շուրջ վերջին զարգացումները

Քննարկվել են նաև հարցեր Հայաստանում վճարային հարթակների հասանելիության (PayPal ծառայություններ), վենչուրային ֆոնդերի, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ։

Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին՝ մասնավորապես զբոսաշրջության, գյուղական վայրերի տնտեսական զարգացման, շուկայի ազատականացման, գիտության, նորարարական գյուղատնտեսության, գործարարության խթանման ոլորտներում։

Նշվում է, որ դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և շեշտել, որ պատրաստակամ է գործակցել բոլոր ուղղություններով ու տրամադրել անհրաժեշտ աջակցություն։