Հայ գերիներին վերադարձնելուն ուղղված հետևողական քայլերը շարունակվելու են. Արտակ Զեյնալյան

Իրավապաշտպանի խոսքով`գերիների փոխանակման գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարվածները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել և նշել, որ Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված իրենց հետևողական քայլերը շարունակավելու են։

Հայաստան է տեղափոխվել 44, Ադրբեջան՝ 12 մարդ. Ռուստամ Մուրադով

«Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը»,–գրել է նա:

Նրա խոսքով`գերիների փոխանակման գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես սեպտեմբերի 27-ին մեկնարկած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը իրենք ևս հանձնառել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Էրեբունիում» վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը. տեսանյութ

Հիշեցնենք`դեկտեմբերի 14-ին մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակներում Ադրբեջան է վերադարձել 12 մարդ, իսկ Հայաստան՝ 44 մարդ։

Հիշեցնենք նաև, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։

Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան Արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։