«Ասացի` պատրաստ եմ օգնել, Տոնոյանը ասաց` կարիքը չկա». Միքայել Հարությունյան

Մարտի 1-ի գործով անցնող նախկին նախարար Միքայել Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել իր և Դավիթ Տոնոյանի զրույցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը 168.am-ին պատմել է, որ հոկտեմբերի սկզբին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցում ասել է` պատրաստ է գալ Հայաստան, Արցախ և աջակցել իր մասնագիտական փորձով։

«Տոնոյանը ասաց` հաղթելու ենք, կարիքը չկա։ Ես ասացի, որ եթե հնարավորություն չկա Հայաստան գալու, պատրաստ եմ նաև Ռուսաստանում օգտակար լինել։ Ասել եմ՝ նշեք կոնկրետ խնդիրներ, և ես կփորձեմ դրանք հենց ՌԴ-ում լուծել, բայց ոչ մի պատասխան չեմ ստացել, ոչ մի խնդրի մասին ինձ չեն ասել», – ասել է Հարությունյանը։

Մերժվել է նաև նախկին նախարարի` ռուսական արտադրության տեխնիկայի հետ կապված մասնագետներ ուղարկելու առաջարկը։

Զրահաբաճկոնների և սաղավարտների թեման, կամ ինչի՞ համար են ցեխ շպրտում Դավիթ Տոնոյանի վրա

«Ռուսական տեխնիկա կար, որը չէին կարողանում օգտագործել, քանի որ մասնագետ չկար: Այդ համապատասխան մասնագետները մենք ունեինք, և ես ասացի՝ գիտեմ, որ այսպիսի խնդիրներ կան, ես պատրաստ եմ օգնել մասնագետներով, որ գան և սովորեցնեն, և այլ հարցերում օգտակար լինեն: Տոնոյանն ասաց՝ պետք չի, մենք ունենք ամեն ինչ, ամեն ինչի մասնագետներն էլ ունենք: Եվ այսպես խոսակցությունն ավարտվեց: Բայց գիտեմ, որ այդ տեխնիկան չի օգտագործվել՝ մասնագետներ չլինելու պատճառով»,- նշել է Հարությունյանը։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար, հեռակա կարգով դատապարտվել է կալանքի, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Սակայն 2018 թվականին Հայաստանի ոստիկանությունը հայտարարեց, որ ռուսական կողմից գրավոր ծանուցում է ստացել Հարությունյանի նկատմամբ հետախուզությունը դադարեցնելու մասին: Նշենք, որ նախկին նախարարը նաև ՌԴ քաղաքացի է։