ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները ականազերծել են ավելի քան 156 հեկտար տարածք, հայտնաբերել և վնասազերծել են մոտ 5 հազար պայթուցիկ առարկա։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից ընդհանուր առմամբ ականազերծվել է ավելի քան 156 հեկտար տարածք, շուրջ 40 կիլոմետր ճանապարհ, 375 բնակելի շինություն և սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ հինգ հազար պայթյունավտանգ առարկա», - նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահները մաքրել են 1,5 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել 189 պայթյունավտանգ առարկաներ, որոնք ենթական են ոչնչացման:
«Պայթյունավտանգ առարկաների մեծ մասը, որոնք հայտնաբերում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները, կազմում են հրետանային արկեր, ականանետեր, ձեռքի նռնակներ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են