ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Զանգելանի տարածքում անհետ կորած զինծառայողների հարազատները նրանց հետ կատարվածի համար մեղադրում են գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՊՆ–ի մոտ բողոքի ակցիա անցկացնող ծնողներից մեկը` Հրաչյա Վարդանյանը։
«Հրամանատարը` Արսեն Աբգարյանն ասել է`պարո՛ն գեներալ, մենք ո՛չ կասկա ունենք, ո՛չ էլ բրոնեժիլետ ունենք, ո՞ւր գնանք։ Ասում է` դուք գնացեք, ես ձեր հետևից կասկա էլ եմ բերում, բրոնեժիլետ էլ եմ բերում։ Տանում են, տղերքին գցում են էդ շրջափակման մեջ։ Ինքը գալիս, տեսնում է, որ տեղերքն արդեն 50 հոգով 500 հոգու դեմ կռիվ են տալիս։ Հենց այդտեղից պարոն գեներալ–լեյտենանտը փախչում է»,– ասաց նա։
Նրա խոսքով` երբ ծնողները գեներալից պարզաբանում են պահանջել, թե ինչու է իրենց տղաներին թողել, փախել, նա պատասխանել է.
«Բա որ ես չգայի, ձեզ ո՞վ պիտի գար այսքան բանը պատմեր»։
Մեկ այլ գեներալ` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, ծնողների խոսքով, այսօր տեղեկանալով, որ ՊՆ–ի դիմաց հավաքված անձինք նաև իր պատասխանն են ակնկալում, չի եկել, որ չհանդիպի իրենց։
«Աղաչում եմ, չլացես, մամ. հերոս կմնամ». անհետ կորած զինվորի վերջին նամակը
Անհետ կորած զինծառայող Գևորգ Կարապետյանի մայր Կիմա Ավետիսյանն էլ արցունքն աչքերին լրագրողներին պատմեց, որ իր որդին զորամիավորման կազմում մեկնել է որոնողական աշխատանքների ու չի վերադարձել։
«Տարել են որոնողական աշխատանքների` մի օր դիակներ են հավաքել, մի օր ականապատում են արել։ Իրենց չպիտի տանեին պատերազմ, իրենք քիմիկներ են։ Բայց այս վերջին անգամ իրենց լցրել են ավտոբուսն ու հանձնել թուրքին»,– ասաց նա։
Կնոջ խոսքով` իրենց որդիների ճակատագիրն առ այսօր հրամանատարությանը չի հետաքրքրում, ոչ ոք ո՛չ դեպքի օրը, ո՛չ էլ դրանից հետո չի փորձել պարզել` զոհվեցի՞ն իրենց զավակները, թե՞ գերի ընկան։
Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ անհետ կորած բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում է մնալ օրակարգի ամենահրատապ հարցը:
«Ասացին՝ վրիպակ է, սխալ տեղ են տարել տղերքին». անհետ կորածների ծնողները պատասխան են ուզում