Կոնաշենկովը խոսել է Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակի մասին

Ռուս խաղաղապահները շփման գծի շուրջօրյա մոնիտորինգ են իրականացնում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմն իրադրության շուրջօրյա մոնիթորինգ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,– ասել է նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են