Կարեն Սարգսյանն անձամբ է տեսել ռուսական արտադրության գերժամանակակից հատուկ ավտոմեքենան

Գեներալ-մայորը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերներին, նշել, որ Արցախի ու արցախցիների համար անգնահատելի է ՌԴ ԱԻՆ հումանիտար գործունեությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik.Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը տեղակալների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարության անձնակազմը: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ղարաբաղում ականազերծման ժամանակ առաջին անգամ ռոբոտատեխնիկական համալիր է գործի դրվել

Սարգսյանին դիմավորել է ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին:

Հետպատերազմական Արցախում այժմ հիմնական ջանքերն ուղղված են սակրավորական աշխատանքների վրա: Կուտրովսկին արցախցի գործընկերներին է ներկայացրել ռուսական արտադրության գերժամանակակից հատուկ ավտոմեքենան, որը հագեցած է ինժեներասակրավորական սարքավորումներով:

Արցախի տարածքը, որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել, հնարավոր վտանգից մաքրվում և ավելի անվտանգ է դառնում հատուկ հեռակառավարվող ռոբոտների և սարքավորումների միջոցով:

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ռուս գործընկերներին, նշել, որ Արցախի ու արցախցիների համար անգնահատելի է ՌԴ ԱԻՆ հումանիտար գործունեությունը:

Ինչպես են խաղաղապահներն իրենց խնդիրը կատարում Լաչինի միջանցքում. տեսանյութ

Կուտրովսկին խոսել է արտակարգ իրավիճակներում առաջիկայում սպասվող ավելի ընդլայնված համագործակցության մասին:

Նշենք, որ գործընկեր կառույցների միջև համագործակցությունը սկսվել է նոյեմբերից՝ հաստատված զինադադարից անմիջապես հետո: Ռուս գործընկերները ևս ընդգրկվել են փրկարարական աշխատանքներում:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։