Հայաստան է տեղափոխվել 44, Ադրբեջան՝ 12 մարդ. Ռուստամ Մուրադով

Ռուս խաղաղապահները հետագայում էլ կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը, հայտարարել է Մուրադովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ։ Այս մասին «Էրեբունի» օդանավակայնում հայտարարել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

«Էրեբունիում» վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը. տեսանյութ

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020թ.նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դրան նախորդել են մեծ նախապատրաստական աշխատանքներ ադրբեջանական և հայկական կողմերի հետ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները», - ասաց Մուրադովը։

Նրա խոսքով ՝ արդյունքում իր անձնական վերահսկողության ներքո ռուսական օդանավը Բաքու է հասցվել և Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ: Ադրբեջանական կողմից Հայաստան է վերադարձել 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական անձինք են, 30-ը՝ զինվորականներ։

Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ

Մուրադովը նշել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը:

Հավելենք, որ այսօր մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Հիշեցնենք նաև, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ 

Ամեն ինչ արվում է գերիների փոխանակման գործընթացը հնարավորինս արագացնելու համար. Ավինյան

Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան Արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Կետերից մեկում նշվում է, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։