ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Երևանի «Էրեբունի» օդանավակայանում քիչ առաջ վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը: Տեղեկությունը հայտնում է օդանավակայանում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մոտեցել են օդանավին։
Տարածքում նաև շտապօգնության ավտոմեքենաներ կան։
44 գերիներից 14-ը քաղաքացիական անձինք են, 30-ը՝ զինվորականներ։
«Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է:
Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տիգրան Ավինյանը։
Հայաստան է տեղափոխվել 44, Ադրբեջան՝ 12 մարդ. Ռուստամ Մուրադով
Հավելենք, որ այսօր մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Հիշեցնենք նաև, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաքվի օդանավակայանում վայրէջք է կատարել Հայաստանից ադրբեջանցի գերիներին տեղափոխող ինքնաթիռը։ Վերադարձածների մեջ են Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը, որոնք 2014 թվականից բանտարկված էին Արցախում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։
Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան Արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։