Արտակ Բեգլարյանը այցելել է Մեծ Շեն ու Հին Շեն գյուղեր` ծանոթացել իրավիճակին

Արցախի ՄԻՊ–ը գյուղերում տիրող իրավիճակը ներկայացրել է Արցախի Հանրապետության ղեկավարությանը և ստացել հավաստիացում, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները ռուսական կողմի հետ համատեղ աշխատում են խնդիրն արագ կարգավորելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այցելել է Շուշիի շրջանի Մեծ Շեն ու Հին Շեն գյուղերը, որպեսզի տեղում հասկանա իրավիճակն ու քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգները: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Բեգլարյանը։

Թշնամուն ոչ մի թիզ հող չենք տվել ու չունենք տալու. Խնձորեսկի համայնքապետ

Նրա խոսքով`ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ակնհայտորեն ոչ միայն խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, այլ նաև կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին Շեն գյուղի բնակչության, ներառյալ՝ մի խումբ երեխաների ու կանանց ֆիզիկական անվտանգության համար:

«Մինչև հիմա այդ վտանգները շարունակում են գործել՝ պայմանավորված ադրբեջանական զինծառայողների զբաղեցրած դիրքերով ու ցուցաբերած վարքով: Ողջունելի է, որ Պաշտպանության բանակի և ՌԴ խաղաղապահ զորակազմի որոշ ստորաբաժանումներ տեղում վերահսկում են իրավիճակը, ինչի շնորհիվ որևէ միջադեպ չի արձանագրվել: Սակայն ավելի լուրջ ջանքեր են անհրաժեշտ խնդիրը կարգավորելու և ադրբեջանական զինծառայողներին Արցախի այդ բնակավայրերից դուրս մղելու համար»,–նշել է Բեգլարյանը:

Նա գյուղերում տիրող իրավիճակը ներկայացրել է Արցախի Հանրապետության ղեկավարությանը և ստացել հավաստիացում, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները ռուսական կողմի հետ համատեղ աշխատում են խնդիրն արագ կարգավորելու ուղղությամբ:

Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը

Բեգլարյանը շեշտում է, որ Արցախի յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի անվերապահ կերպով:

Հիշեցնենք` Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ երեկվանից ադրբեջանցիները կանգնել են Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շենից Հին Շեն գյուղեր տանող միակ ճանապարհի վրա՝ հայտարարելով, որ հրաման ունեն այդտեղ կանգնելու։ Տեղում ռուս խաղաղապահներ ու հայ զինվորականներ էլ կան։ Երկու գյուղերն էլ գտնվում են Արցախի հսկողության տակ։ Այս ընթացքում Արցախի զինված ուժերը տեղում լրացուցիչ ուժեր են կուտակել` իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։