ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման առանցքում են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարին հաջորդած զարգացումները, արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցեր:
«ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշումը, որ արցախահայության իրավունքների ու շահերի հասցեագրումը պետք է տեղի ունենա նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացի շրջանակներում:
Որպես հայկական կողմի առաջնահերթություն՝ Արա Այվազյանն ընդգծեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը և կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը»,–նշված է հաղորդագրության մեջ:
«Հորդորեք Ադրբեջանին, որ հանձնի գերիներին». ԱԺ–ն կոչ է արել ՄԱԿ–ին և Մինսկի խմբին
Նախարար Այվազյանը համանախագահների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները խախտելու վարքագծի վրա: Նախարարի խոսքով՝ վերջինիս ակնհայտ դրսևորումն էին նախօրեին արցախա-ադրբեջանական շփման գծում սադրիչ գործողությունները, որոնք իրականացվել են համանախագահների` տարածաշրջան այցելելու օրերին:
Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող հայտարարություններում շարունակաբար արտացոլվող ատելության և հայատյաց խոսքին` նախարարը շեշտել է, որ դրանցով ևս մեկ անգամ ապացուցվում է Ադրբեջանի անկարողությունը՝ կառուցողաբար ներգրավվելու խաղաղ գործընթացին և հրաժարվելու ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից հանդես գալու քաղաքականությունից:
Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հարցերի շրջանակին:
Հավելենք, որ Ստեֆան Վիսկոնտին ու Էնդրյու Շոֆերը Երևան են ժամանել Ադրբեջանից, որտեղ շաբաթ օրը հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Մինսկի խումբը որևէ դեր չի ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինքն էլ համանախագահներին Բաքու չի հրավիրել։
Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համախանագահ Իգոր Պոպովը ո՛չ Բաքու, ո՛չ Երևան չի այցելել։
Հավելենք, որ համանախագահները վերջին անգամ տարածաշրջան էին այցելել պատերազմից առաջ։