ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Այս պահին կարող ենք հստակ արձանագրել, որ եռակողմ հայտարարության՝ ստորագրված փաստաթղթի 1-ին կետը խախտվում է ու կարող են խախտվել նաև այլ կետերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ըստ Արցախից ստացվող տեղեկությունների՝ ադրբեջանական զինուժը Արցախի Հադրութի շրջանի (ԼՂԻՄ) Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա է հարձակվել ու, ըստ որոշ աղբյուրների, գրավել դրանք՝ խախտելով... եռակողմ հայտարարության 1-ին կետը, որի համաձայն՝ 2020թ. նոյեմբերի 10-ից հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունների ավարտ, իսկ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Այս պահին կարող ենք հստակ արձանագրել, որ ստորագրված փաստաթղթի 1-ին կետը խախտվում է և, ըստ այդմ, կարող է խախտվել նաև հետագայում, ու կարող են խախտվել նաև այլ կետերը»,–գրել է Մարուքյանը։
Այդ հատվածի համար հայկական կողմը բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին. վարչապետի խոսնակ
Նա ընդգծել է, որ վերոնշյալ տարածքի գյուղերը մնացել էին հայկական վերահսկողության ներքո, ավելին՝ դրանք նախկին ԼՂԻՄ, այլ ոչ թե 7 շրջանների մաս են կազմում։
Նրա խոսքով`Հայաստանի Հանրապետության իշխանությունները, այս առնչությամբ պետք է քայլեր ձեռնարկեն, կապվելով Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, քննարկելու համար եռակողմ հայտարարության կոպիտ խախտման փաստն ու մեր հետագա գործողությունները՝ ամբողջական հրադադարի հայտարարության այս և հետագա հնարավոր այլ խախտումների առկայության պայմաններում։
Հիշեցնենք` երեկ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Հին թաղերի ու Խծաբերդի ուղղությամբ։ Սրանք այն գյուղերն են, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել։
Նախնական տեղեկություններով՝ Հին թաղերն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
ՌԴ խաղաղապահներն արձանագրել են, որ սա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հրադադարի առաջին խախտումն է։ ՌԴ-ն կոչ է արել պահանել հրադադարի ռեժիմը։
Քննություն է ընթանում պարզելու համար, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը։