ՔՊ-ից հերքում են. վարչության նիստ չկա, վարչապետի հրաժարականի հարց չի քննարկվում

Արդեն տևական ժամանակ է` մամուլում տեղեկություններ են տարածվում, որ վարչության անդամները նոր վարչապետի թեկնածությունն են քննարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը վստահեցնում է, որ լուրը, թե կուսակցության վարչությունը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է վարչապետի հրաժարականը, աղերս չունի իրականության հետ։

«Կարծում ենք, որ այս ապատեղեկատվությունը պետք է դիտարկել որպես Հայաստանի քաղաքացիների դեմ տարվող ինֆոտեռորի մաս»,– Facebook-ի իր էջում գրել է նա։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Facebook-ի պաշտոնական էջում էլ հերքվել են նաև այն տեղեկությունները, թե խմբակցությունն է նիստ անցկացնում։

Նշենք, որ հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկություններ են տարածել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է գումարել Արցախում տեղի ունեցած վերջին դեպքերի առնչությամբ։ Նշվում է նաև, որ վարչության անդամների մեծ մասը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վարչության նիստում քննարկվում է նաև նոր վարչապետի ընտրությունը. թեկնածուները երկուսն են՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Անգամ տեղեկություններ են տարածվել, որ Հանրային հեռուստաընկերության շարժական հեռուստակայանն ուղևորվում է վարչապետի կեցավայր։