ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև գերիների փոխանակման, զոհերի մարմինների դուրսբերման ու անհետ կորածների խնդիրներին։
«Շատ կարևոր է նաև գերիների փոխանակման գործընթացը, և այստեղ էլ մենք որոշակի առաջընթաց կամ առաջընթացի լուրջ հնարավորություն ունենք։ Այսօր–վաղը պետք է կայացնենք կոնկրետ որոշումներ»,– հայտնել է Փաշինյանը։
Նա նաև անդրադարձել է տևական լարվածությունների ֆոնին շատ մեծ ծավալների հասած ապատեղեկատվական հոսքերի խնդրին։
«Սա իրապես սպառնալիք է ազգային անվտանգությանը, ու մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք կառավարում այս իրավիճակը: Շատ կարևոր է, որ այս քննարկմանը ներկա են նաև մեր ընդդիմության հարգելի ներկայացուցիչները, որպեսզի մենք կարողանանք ձևակերպել, թե այս պրոցեսի մեջ ինչպիսի անելիքներ ունենք»,– ասել է Փաշինյանը` շեշտելով, որ նշված «ինֆորմացիոն ահաբեկչությունն» անհանգստացրել է նաև ընդդիմությանը, ովքեր վաղ առավոտից զանգեր ու ահազանգեր են ուղղել իրեն այդ կապակցությամբ։
Կուբաթլուի և Զանգելանի շրջանների հարցում էլ լարվածություն կարող է առաջանալ. Փաշինյան
«Առնվազն որպես օրակարգ մենք սա կարող ենք ձևակերպել որպես ընդհանուր անելիք: Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի, համենայն դեպս, այդ ինֆորմացիոն ահաբեկչությունը, որ երեկ երեկոյանից շատ մեծ ծավալներ ստացավ, կարող է դառնալ այն հենման կետը, որտեղ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները կարող են ընդհանուր անելիքներ ձևակերպել և որոշումներ կայացնել, որոնք չեն ընկալվի որպես ընդդիմության կայացրած որոշում` ընդդեմ իշխանության, կամ իշխանության կայացրած որոշում՝ ընդդեմ ընդդիմության: Սա մի հարց է, որի շուրջ մտքեր կփոխանակենք՝ տեսնելու, թե ինչպիսի անելիքներ ունենք այստեղ»,– ասել է վարչապետը։
Մտահոգություն հայտնելով հանդերձ` Փաշինյանը նշել է, որ իրավիճակը համարում է կառավարելի։ Նրա խոսքով` խուճապի մատնվելու կարիք չկա, պարզապես պետք է կայացնել որոշումներ։ Իր կողից վարչապետը հայտնել է իշխանության պատրաստակամությունը` ընդդիմության առաջադրած բոլոր հարցերին պատասխանելու: «Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է ճիշտ ներկայացնենք հանրությանը, թե որ որոշումն ինչի համար է կայացվում, նաև իրավիճակներն ինչի համար են ծագել»,– ասել է նա։
Հավելենք, որ անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: