ՀՀ նախագահը դիմել է Ազգային ժողովին շտապ արտահերթ նիստ գումարելու առաջարկով

Հանրապետության նախագահը հիշեցնում է, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ին ընդունած որոշմամբ ՀՀ-ն պարտավոր է հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Հայատանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Արցախի Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից։

Թշնամին գրավել է Հին Թաղերը, ունենք 6 վիրավոր, բանակցություններ են ընթանում. Խանումյան

«Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ին հայտարարված զինադադարը, գրավել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը և առաջացել դեպի նույն շրջանի Խծաբերդ գյուղի տարածք:

ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունները մինչ այս պահը պատշաճ կերպով հստակ չեն ներկայացրել իրավիճակը և հայկական կողմի իրականացրած գործողությունները։

Հաշվի առնելով իրադրությունը՝ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև նշված բնակավայրերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։

Միաժամանակ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ ԱԺ-ին՝ շտապ գումարել ԱԺ արտահերթ նիստ, որը կքննի Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները։

Ռուսաստանը պահանջել է, որ կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը

Բարձր գնահատելով ՌԴ նախագահի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ձեռք բերված զինադադարը և դրա պահպանումը՝ Հանրապետության նախագահը հիշեցնում է նաև, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ին ընդունած որոշմամբ ՀՀ-ն պարտավոր է հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը»,-նշված է հայտարարության մեջ: 

Հիշեցնենք` երեկ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Հին թաղերի ու Խծաբերդի ուղղությամբ։ Սրանք այն գյուղերն են, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել։ Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանի խոսքով՝ այս գյուղեր են ժամանել ռուս խաղաղապահները, և փոխհրաձգությունը դադարեցված է։ 

Նախնական տեղեկություններով՝ Հին թաղերն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

ՌԴ խաղաղապահներն արձանագրել են, որ սա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հրադադարի առաջին խախտումն է։

Քննություն է ընթանում պարզելու համար, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը։