Էդմոն Մարուքյանը պատմեց, թե ինչ է քննարկվել վարչապետի հրավիրած ԱԽ հրատապ նիստում

ԱԽ հրատապ նիստին ՀՀ վարչապետի հրավերով մասնակցել են նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած ՀՀ Անվտանգության խորհրդի հրատապ նիստն ավարտվել է։ Քննարկվել է Արցախում դեկտեմբերի 12-ից տիրող իրավիճակը։ Այս մասին նիստից դուրս գալով՝ լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ստորագրված փաստաթղթի 1-ին կետը խախտվում է, կարող են խախտվել նաև այլ կետեր. Մարուքյան

«Քննարկել ենք, թե երեկ ինչ է եղել և ինչ է արվում հիմա, քննարկում՝ անվտանգության մարտահրավերների մասին»,– ասաց նա։
Մարուքյանը նաև հայտարարեց, որ ըստ քննարկման արդյունքների` ՀՀ կառավարությունը տիրապետում է ամբողջ տեղեկատվությանը։

«Բոլորս գիտենք, որ տեղի է ունեցել հարձակում։ Հարձակման ընթացքում մարտի են բռնվել մեր ՊԲ ստորաբաժանումները, կան վիրավորներ, զոհերի հանգամանքը այս պահին ճշտվում է։ Գիշերը տեղեկացվեց, որ ռուս խաղաղապահները եկել են ու արդեն տարածքում են։ Այսինքն` եթե խաղաղապահները մինչ այդ փաստացի այդտեղ չկային, հիմա արդեն կլինեն»,– ասաց Մարուքյանը։

Բանակցությունները ռուսական ու ադրբեջանական կողմերի միջև, նրա խոսքով, դեռ շարունակվում են, քանի որ խախտվել է եռակողմ հայտարարությունը։

Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ այսօր ժամը 16։00-ին Անվտանգության խորհրդի հրատապ նիստ էր գումարվել։ Նիստին մասնակցելեն նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները։

Նիստը տևել է շուրջ 2 ժամ։ Մինչ այդ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ԲՀԿ–ից նիստին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արմեն Աբովյանը։

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի լուրերը՝ հայ զոհերի մասին, իրականության չեն համապատասխանում։

Հին Թաղերը կորցրել ենք, Խծաբերդում և՛ ադրբեջանցիներ կան, և՛ հայեր. Հադրութի շրջանի ղեկավար

ՀՀ արտգործնախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմն ընդունել է, որ ունի 4 զոհ ու 2 վիրավոր։