ՌԱԴԻՈ

Արևմուտքի ծրագիրը չաշխատեց, որովհետև տարածաշրջան մտան ռուս խաղաղապահները. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան պատերազմից հետո բանակցային գործընթացի որոշ դրույթներին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոխհարաբերություններին նոր իրողությունների համատեքստում։
Sputnik
Արևմուտքի ծրագիրը չաշխատեց, որովհետև տարածաշրջան մտան ռուս խաղաղապահները. Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` կարևոր է արձանագրել երկու գործոն, նախ` փախստականների վերադարձի խնդիրը, որը վերաբերում է առաջին հերթին Մարտունու և Հադրութի շրջանների բնակիչներին, իսկ հետո նաև Արցախի կարգավիճակի հարցը, որն, այնուամենայնիվ, մնում է չլուծված։ 

Արցախի իշխանությունը հուշարձանների ցանկ կփոխանցի ՌԴ խաղաղապահներին

«Սա բանակցային այն բովանդակությունն է, որի մասին պետք է խոսեն Հայաստանի իշխանությունները։ Այստեղ առաջացել է նաև աշխարհաքաղաքական մրցակցության հարց, որովհետև Արևմուտքն ի դեմս Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի` առաջ է քաշում խաղաղապահների խնդիրը, այսինքն` նրանք պետք է լինեն միայն ռուսակա՞ն, թե՞ ոչ։ Հիշենք, որ զինադադարի շուրջ բանակցությունների ժամանակ ԱՄՆ–ն հայտարարեց, որ նախընտրելի է լինեն չեզոք, օրինակ` սկանդինավյան երկրների խաղաղապահներ։ Որ երկրի կամ երկրների խաղաղապահները կլինեն Արցախում՝ նրանք էլ կունենան ազդեցություն Հարավային Կովկասում»,– նշեց քաղաքագետը։ 

Դանիելյանի կարծիքով` սառած կոնֆլիկտի պարագայում համանախագահների մոտեցումները համընկնում էին, բայց հիմա իրավիճակ է փոխվել, ազդեցության լծակները ռուսական կողմում են, համանախագահների միջև այժմ սուր մրցակցություն է ընթանում։ Ըստ քաղաքագետի` Արևմուտքի խնդիրն այն էր, որ նպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության հանգուցալուծմանը, որպեսզի ռուսական ազդեցությունը չեզոքացվի, ինչից հետո կառաջանար Հարավային Կովկասն Արևմուտքի ազդեցության տակ բերելու հնարավորություն։

Ադրբեջանական հարձակումը պետք է արժանանա ՌԴ խաղաղապահների արձագանքին. Փաշինյանի խոսնակ

«Պատերազմի ընթացում այդ հնարավորությունը բացվում էր, երբ Թուրքիան և Ադրբեջանն արդեն հաղթում էին, և Արցախի հարցը լուծվում էր։ Արևմուտքն ակնկալում էր, որ պատերազմից հետո այդ երկրներն արդեն կլինեն իր ազդեցության դաշտում, այդ պատճառով էլ առանձնապես չէին ցանկանում միջամտել, բայց ծրագիրը չաշխատեց, որովհետև տարածաշրջան մտան ռուս խաղաղապահները»,– նշեց քաղաքագետը։

Նրա գնահատմամբ` Ֆրանսիան ու ԱՄՆ–ն այժմ փորձում են ինչ–որ կերպ հակազդել, իրենց ներկայությունն ունենալ։ Ըստ նրա` Մինսկի խմբի համանախագահները, անկախ ամեն ինչից, խոսքով վերահաստատում են բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը, նրանք ընդունում են Մինսկի խմբի գոյությունը և նշում, որ հիմնախնդրի լուծման այլընտրանքային հարթակ գոյություն չունի, իսկ եթե ձևաչափը փոխվի, ապա այդտեղ կփորձեն մտնել Թուրքիան ու Իրանը, ինչը երեք համանախագահներին ձեռնտու չէ։