ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի Sputnik. Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին: Այդ մասին գրառում է արվել կաթողիկոսի Facebook-ի էջում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայրենիքում տիրող իրավիճակին ու առկա մարտահրավերներին։
Հիշեցնեք, որ դեկտեմբերի 12-ին Վազգեն Մանուկյանը հանդիպել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Հավելենք նաև, որ օրեր առաջ Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ վարչապետի պաշտոնից։
Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր ուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վարչապետի՝ Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուն Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է։