Ադրբեջանի տարածածը բացարձակ ապատեղեկատվություն է. Հայաստանը հերքում է զոհերի մասին լուրերը

Հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության համաձայն, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերը այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն է։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։

Ադրբեջանը փաստացի ընդունել է, որ ինքն է հարձակվել Հադրութի շրջանում և ունի 4 զոհ

«Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի ղեկավար Կամո Պետրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ներկայացրել էր Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում տիրող իրավիճակը։

Նրա խոսքով` Հին Թաղեր գյուղն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի տիրապետության տակ։

Ինչ վերաբերվում է Խծաբերդին, ապա գյուղի մի կողմում ադրբեջանցիներն են, մյուս կողմում՝ հայ զինծառայողները։ Գյուղում են նաև ռուս խաղաղապահները, որոնք դեռ բանակցություններ են վարում։

Ստորագրված փաստաթղթի 1-ին կետը խախտվում է, կարող են խախտվել նաև այլ կետեր. Մարուքյան

Հիշեցնենք` երեկ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Հին թաղերի ու Խծաբերդի ուղղությամբ։ Սրանք այն գյուղերն են, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել։

ՌԴ խաղաղապահներն արձանագրել են, որ սա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հրադադարի առաջին խախտումն է։ 

Քննություն է ընթանում պարզելու համար, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը։

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում։