ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են այսօր՝ Արցախի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության՝ մարտական գործողությունների դադարեցման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների այս կոպտագույն խախտումը՝ ԱԳՆ–ն ընդգծում է, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում:
Հայկական գյուղերի գրավմանը, որոշ տեղեկություններով, մասնակցել են թուրքեր. Նիկոլ Փաշինյան
Նշվում է, որ ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր ավանդական գործելաոճին, տվյալ սադրանքը հրահրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցելության օրերին: Ըստ էության, համանախագահ երկրների ջանքերի դեմ ուղղված այս մարտահրավերն օրերս Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հայ ժողովրդին ուղղված ռազմատենչ և անընդունելի հայտարարությունների շարունակությունն է:
Նման գործելաոճը ևս մեկ անգամ ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությունը, ինչը շարունակում է խաթարել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և հղի է ծավալմամբ հարակից տարածաշրջաններ:
«Պաշտոնական Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը, այդ թվում՝ Արցախի տարածքների դեօկուպացիան և արցախահայության վերադարձը իրենց բնակության վայրեր: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ իր միջազգային պարտավորությունների խախտման անպատժելիության փաստը և դրա հետևանքները՝ կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբա, հստակ և հասցեագրված արձագանքել ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտման, էթնիկ զտման և հայկական բնակավայրերի գրավմանն ուղղված այս գործողություններին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու, և եթե նրանք ասելիք չունեն, կարող են հեռանալ: Ըստ Ալիևի՝ Մինսկի խումբը ոչ մի դերակատարում չի ունեցել հակամարտության կարգավորման գործում, չնայած որ 28 տարի շարունակ ունեցել է այդ մանդատը։
Էրդողանը չի գիտակցել, որ Իրանն այդքան զգայուն է իր արտասանած բանաստեղծության հանդեպ
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին ու Էնդրյու Շոֆերը պաշտոնական այցով Բաքու էին մեկնել երեկ։ Այսօր` դեկտեմբերի 13-ին նրանք կժամանեն Երևան։