ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին գործի է դրել իր ուժերը, նշելով, որ Հադրութ բնակավայրից հյուսիս-արևմուտք գտնվող անտառներում մնացել են հայկական զինված ջոկատներ, որոնք իբրև թե դիվերսիա են իրականացրել։
«Նրանք չեն լքել տարածքը, այլ հակառակը, ստեղծել են մարտական դիրքեր և մի քանի դիվերսիա իրականացրել ադրբեջանցի զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ, որոնց հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 2 զինծառայող, ինչպես նաև վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ստիպված է եղել հակաահաբեկչական գործողություն իրականացնել», - նշված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ու ՊՆ միացյալ հայտարարության մեջ։
Հավելենք, որ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի ղեկավար Կամո Պետրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ներկայացրել էր Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում տիրող իրավիճակը։
Նրա խոսքով` Հին Թաղեր գյուղն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի տիրապետության տակ։
Ինչ վերաբերվում է Խծաբերդին, ապա գյուղի մի կողմում ադրբեջանցիներն են, մյուս կողմում՝ հայ զինծառայողները։ Գյուղում են նաև ռուս խաղաղապահները, որոնք դեռ բանակցություններ են վարում։
Հիշեցնենք` երեկ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Հին թաղերի ու Խծաբերդի ուղղությամբ։ Սրանք այն գյուղերն են, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել։
ՌԴ խաղաղապահներն արձանագրել են, որ սա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հրադադարի առաջին խախտումն է։ ՌԴ-ն կոչ է արել պահանել հրադադարի ռեժիմը։
Խաղաղապահները ժամանել են ադրբեջանական հարձակման ենթարկված արցախյան գյուղեր
Քննություն է ընթանում պարզելու համար, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում։