ՌԴ ՊՆ–ն հաստատեց Հադրութում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը

Ռուս խաղաղապահներն իրադրության շուրջօրյա դիտարկում են իրականացնում 24 դիտակետում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից եւ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողության սկսվելուց հետո գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը:

«Եթե իրավիճակը ստիպի, ՌԴ–ն կընդլայնի իր միջոցները». փորձագետը` Ադրբեջանի հարձակման մասին

«Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմը շարունակում է խնդիրներ կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ռուս խաղաղապահների 24 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիտորինգ ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում: Դեկտեմբերի 11–ին հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել Հադրութի շրջանում», - ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք` Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:

ՀՀ ՊՆ–ն ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանը հարձակողական գործողություններ է սկսել նաև Արցախի 2 բնակավայրի ուղղությամբ։