Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան մեկնարկեց ոստիկանության շենքի մոտ

Ոստիկանության մոտ բողոքի ակցիա անցկացնելու նպատակը իրավապահներին մի շարք ուղերձներ հասցնելն էր, նախ այն, որ չի կարելի ՀՀ քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ցուցարարներն այսօր իրենց ոտքով ոստիկանություն են գնացել։ Անհնազանդության ակցիայի ակտիվիստ, ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը նշեց, որ ցուցարարների ու ոստիկանների միջև արդեն յուրահատուկ կապվածություն կա։ Օրեր շարունակ իրենց բերման են ենթարկում ոստիկանության տարբեր բաժանմունքներ, այս անգամ իրենք որոշեցին հավաքվել Ոստիկանության կենտրոնական մասնաշենք և իրենց հուզող որոշ հարցեր հենց այդտեղ հնչեցնել։

«Սա հենց այն մասնաշենքն է, որտեղ ավելի քան վեց տարի ինքս եմ աշխատել»,- ասաց Մալյանն ու ցույց տվեց իր նախկին աշխատասենյակի պատուհանը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ նշեց, որ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու են այնքան ժամանակ, քանի դեռ սեփական երկրում իրենց ծնկած են զգում։

Հավաքների ընթացքում ոստիկանի գործը բողոքը լռեցնելը չէ. Սամսոնյանը դիմել է ոստիկանապետին

«Այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը ղեկավարում է թշնամու առջև ծնկած, թշնամու ծաղրուծանակին ենթարկվող մարդկանց խմբակ։ Այսօր ոստիկանության առջև են տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, որոնք մեկ միասնական համոզմունք ունեն՝ մեր երկիրը չի կարող ղեկավարել դավաճանը։ Մենք ուղերձ ունենք ոստիկանությանը՝ կապված առանձին ծառայողների վարքագծի հետ»,- նշեց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ օրեր առաջ հորդորել է ոստիկաններին իրենց չպահել որպես թևերին ադրբեջանական շևրո ունեցող մարդիկ։ Մելիքյանը շեշտեց՝ մենք ՀՀ-ում ենք, և մեր ոստիկանները պարտավոր են մեզ վերաբերվել որպես ՀՀ քաղաքացիներ և դադարեցնեն անհամաչափ ուժ կիրառել ցուցարարների հանդեպ։ Նա նշեց՝ կան առանձին ոստիկաններ, որոնք հարվածում են ցուցարարներին։

Իրավապաշտպանը պնդեց՝ 2018թ.-ից սկսած մեր երկրում փողոցներ փակելը որպես բողոքի ձև ընդունելի սահմանադրական իրավունք է։ Առավելագույնը, որ կարող են ոստիկաններն անել, ժամանակ տրամադրելն է։ Ռուբեն Մելիքյանը պատմական փոքրիկ ակնարկ արեց՝ հիշեցնելով, որ 102 տարի առաջ ՀՀ ոստիկանությունը հիմնադրել է Արամ Մանուկյանը։

«Ուզում ենք հորդորել մեր ոստիկաններին` Շուշին հանձնողների հրամանները կատարելիս հիշեն, որ Արամ Մանուկյանի հիմնադրած կառույցի ծառայողներ սպաներ են»,- նշեց Մելիքյանը։

Ոստիկանության առջև «Նիկոլ, դավաճան» վանկարկելուց հետո ցուցարարները սկսեցին քայլերթը։

Հաջորդ կանգառը Ազգային անվտանգության ծառայության մոտ էր։ Այստեղ էլ ցուցարարներն ուղերձներով ու կոչերով դիմեցին ԱԱԾ ծառայողներին՝ պահանջելով պաշտպանել մեր երկիրը։

Բողոքի ակցիա Գյումրիում. ցուցարարները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը

Արժանապատվության երթի մասնակից, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի կարծիքով՝ մեր երկրոմ չկա արժանապատվության զգացում ունեցող որևէ հայ մարդ, որը չպահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրա խոսքով՝ այլ բան է, որ ոչ բոլորն են փողոց դուրս գալիս։

«Ախորժակն ուտելիս է բացվում, և Իլհամ Ալիևն ու իր թուրք գործընկերն արդեն նոր թիրախ են ֆիքսել՝ Երևանը, Զանգեզուրը, Սևանը՝ իրենց պանթուրքական ծրագիրը»,- նշեց Հակոբյանն ու ընդգծեց՝ առաջին քայլը, որ պետք է անել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, ապա ազգային համաձայնության կառավարության ստեղծումն ու հայոց պետականության վերականգնումը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։