ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսն այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, որն արտերկիր էր մեկնել բուժման նպատակով։ Տեղեկությունը հայտնում է հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Պարգև սրբազանը Գարեգին Բ–ին շնորհակալություն է հայտնել հոգատարության և բուժման մեկնելու հայրական հորդորի համար, որի շնորհիվ անհապաղ բժշկական միջամտությամբ հնարավոր եղավ կանխել կյանքին սպառնացող վտանգը: Կաթողիկոսը, ուրախություն հայտնելով սրբազանի կազդուրման և վերադարձի առիթով, նկատել է, որ այս օրերին ժողովուրդը լուրջ անհանգստություն է դրսևորել նրա առողջական վիճակի առնչությամբ, ինչը վկայում է Պարգև սրբազանի անձի հանդեպ մեծ հարգանքի և սիրո մասին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում կաթողիկոսն ու Արցախի թեմի առաջնորդն անդրադարձել են Արցախում տիրող իրավիճակին, Արցախի ժողովրդի կարիքներին ուղղված նախաձեռնվող ծրագրերին, ինչպես նաև թեմի հետագա գործունեությանը և սրբավայրերի խնամքին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին սրբազանը սրտի կաթված էր ստացել, բայց Հայաստանում չէր հոսպիտալացվել։ Մի քանի օր անց նա տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ էլ նոյեմբերի 22-ին վիրահատվել էր։