ՄԽ ֆրանսիացի համանախագահը չի բացառել, որ Ղարաբաղի հարցով նոր ծրագրեր կարող են մշակվել

Բաքվում կայացած հանդիպումներին Ռուսաստանի կողմից ներկա է եղել Ադրբեջանում ՌԴ դեսպանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին չի բացառել, որ ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ կարող են նոր ծրագրեր մշակվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները պաշտոնական այցով Բաքվում են, այսօր նրանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք հասկանում ենք տեղի ունեցող իրադարձությունների նոր օրակարգը։ Ինչպես արդեն նշել եք, տարածաշրջանում կայունության հաստատման համար նոր իրադրություն է ստեղծվել։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին, ապա դա կախված է Ձեզանից։ Այո, դրա համար լավ նախադեպ կա։ Մենք անցումային փուլում ենք, հնարավոր է` նոր ծրագրեր կազմվեն», - ասել է Վիսկոնտին Ալիևին։

Ռուսաստանի կողմից (ԵԱՀԿ ՄԽ երրորդ համանախագահ երկիրը) Բաքվում հանդիպումներին ներկա է եղել Ադրբեջանում ՌԴ դեսպանը։ Ենթադրվում է, որ Երևանում ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հանդիպումներին կարող է ներկա գտնվել Ռուսաստանի դեսպանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին։