ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը պետք է ներկայացնի իր խմբակցության բանակաշինական կենսագրությունը` իր հետ համեմատելու համար։ Օհանյանը Facebook–ի իր էջում նման գրառում է կատարել` անդրադառնալով Նազելի Բաղդասարյանի հայտարարությանը։
«Իմ քայլի» պատգամավորը, հարցազրույցներից մեկում խոսելով Օհանյանի մասին, ասել էր, թե նա ինչպես բանակում, այնպես էլ տարբեր ոլորտներում ձախողումներ է ունեցել։ Պատգամավորը նշել էր` ի՞նչ է արել Սեյրան Օհանյանը բանակի համար, բացի սեփական հարստացումից։
«Նոր տեղեկացա, որ ԱԺ–ի՝ Արցախը թուրքին հանձնած «Իմ քայլի» պատգամավորներից մեկը՝ «ռազմագետ» Նազելի Բաղդասարյանը (ծնված 08․08․1983 թ), կասկածի տակ է դնում իր տարիքից ավելի մեծ զինվորական կենսագրություն ունեցող և ավելի քան 16 տարի Արցախի և ՀՀ–ի պաշտպանական գերատեսչությունները ղեկավարած Սեյրան Օհանյանի ներդրումը բանակաշինության մեջ։ Կարծում եմ` սույն երեսփոխանը պարտավոր է ներկայացնել իր «հողատու ջոկատի» բանակաշինական կենսագրությունը, որպեսզի համեմատվենք»,–ի պատասխան գրել է Օհանյանը։
Նրա խոսքով` այս ամենը թերևս ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։
«Ինձ հետ միասին 16 հոգի էլ կար». Սեյրան Օհանյանը պատմել է` իրականում ինչ էր անում Շուշիում
Հիշեցնենք, որ Բաղդասարյանն ասել էր նաև, թե իր համար անբարո է, երբ Սեյրան Օհանյանը` մարդ, որը հիմնովին կոտրել է բանակի ողնաշարը, խոսում է այն մասին, թե բանակում բարեփոխումներ չեն եղել վերջին 2.5 տարիներին։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են