Էրդողանի հայտարարությունը չի ներվել, Իրանում բողոքի ցույցեր են կազմակերպվել. լուսանկարներ

Թուրքիայի նախագահի արտահայտություններն արդեն իսկ քննադատվել են բարձր մակարդակով, Էրդողանից ներողություն են պահանջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Մեծ թվով իրանցիներ այսօր բողոքի ցույց են անցկացրել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թավրիզ քաղաքում` Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ Farsnews-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի պատճառ են դարձել Ադրբեջանում զորահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահի կողմից Իրանի հասցեին հնչեցրած արտահայտությունները։

Ցուցարարները հավաքվել են Էրդողանի մեկնաբանությունները դատապարտող և մահմեդական ժողովուրդներին պառակտելու փորձերի համար Իսրայելին մեղադրող պաստառներով։

«Նրանք, ովքեր ագահորեն նայում են Արաքս գետի այդ կողմում գտնվող տարածքներին, ավելի լավ է՝ ուսումնասիրեն պատմությունը և տեսնեն, որ Ադրբեջանը, հատկապես Թավրիզի ժողովուրդը, միշտ առաջամարտիկ է եղել իսլամական Իրանի պաշտպանության գործում», - հայտարարել են ցուցարարները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած շքերթում Էրդողանն իր ելույթում արտասանել էր ադրբեջանցի բանաստեղծ Բախտիար Վահաբզադեի պոեմից մի հատված` Հարավային Ադրբեջանի և Հյուսիսային Ադրբեջանի տարանջատման մասին. «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»։

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում քննադատել է ազգայնական տրամադրություններ պարունակող բանաստեղծության հիշատակումը։

«Էրդողանը ղալաթ է արել», կամ ՀՀ–ի նախաձեռնությամբ կարող է հակաթուրքական դաշինք ստեղծվել

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոնուրին նույնպես մեղադրել է Էրդողանին՝ կոչ անելով ներողություն խնդրել Իրանից:Նա Էրդողանին առաջարկել է դաս քաղել Սադամի ճակատագրից և արագ ներողություն խնդրել միացյալ և պատվախնդիր իրանցի ժողովրդից։