Այդ հատվածի համար հայկական կողմը բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին. վարչապետի խոսնակ

Հադրութի շրջանի ուղղությամբ ադրբեջանական հարձակողական գործողությունները վերսկսվել են դեկտեմբերի 11-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Հադրութի շրջանի Հին Թաղեր-Խծաբերդ հատվածի առնչությամբ նոր գրառում է արել Facebook–ում։

«Հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը, և այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն»,- գրել է նա։

Հիշեցնենք` Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:

ՀՀ ՊՆ–ն ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանը հարձակողական գործողություններ է սկսել նաև Արցախի 2 բնակավայրերի` Հին Թաղլարի և Խծաբերդի ուղղությամբ։