Արցախում մեր կորցրածը ոչ ոք առ այսօր ամբողջական գնահատել չի կարող։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
«Մենք մարդկային ռեսուրսներ ենք կորցրել, որոնց պատկերը դեռ ամբողջական չունենք, մենք նյութական ռեսուրսներ ենք կորցրել, որոնց պատկերը դեռ ամբողջական չունենք, և, որպեսզի կարողանանք բոլոր հարցերի պատասխանը տալ` սկսած ֆինանսական միջոցներից, անշարժ ու շարժական գույքից, մարդկանց ունեցվածքից, տնտեսական օբյեկտներից և այլն, նախևառաջ պետք է հաշվառենք ու գնահատենք, թե իրականում ինչ ենք կորցրել»,– ասաց տնտեսագետը` հավելելով, որ դա ոչ մեկ, ոչ էլ երկու օրվա գործ է, հատկապես` հետպատերազմյան վիճակում ու ընթացող քաղաքական պրոցեսների ֆոնին։
Խաչատրյանի համոզմամբ` կորուստների վերջնական գնահատականը կարող են տալ Հայաստանի ու Արցախի կառավարությունները միասին։
Ի՞նչ է լինելու արցախցիների վարկերի ու ավանդների ճակատագիրը
Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ` հաշվառման ու գնահատման առումով` ամենահեշտը բանկային համակարգի կորուստների հաշվակն է, քանի որ սա այն եզակի համակարգն է, որտեղ ամեն ինչ թվայնացված ու ֆիքսված է։
«Կարծում եմ` Կենտրոնական բանկը վարկային կազմակերպությունների հետ որոշակի առաջարկներ կանեն, թե ինչպիսի զիջումներ պետք է արվեն վարկառուներին։ Եվ այդ զիջումները պետք է կատարվեն ոչ միայն առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից, այլև ԿԲ–ի լծակներով։ Այսինքն` համատեղ պետք է լինի. պետություն` ի դեմս ԿԲ–ի, և ֆինանսական կազմակերպություններ»,– ասաց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է ավանդներին, դրանք ՀՀ օրենսդրությամբ ունեն պետության երաշխավորությունը։
2020 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած սահմանաչափերով` պետությունը երաշխավորում է մինչև 16 միլիոն դրամի ավանդային պայմանագրերը։
Տնտեսությունը չկա, մնացել են միայն ծախսերը
Եթե վարկերի ու ավանդների դեպքում ամեն ինչ շատ ավելի կանխատեսելի է, ապա Արցախի տնտեսական կորուստների վերականգնումը շատ ավելի լուրջ ու ժամանակատար պրոցես է, ընդ որում` անկանխատեսելի արդյունքով։
Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց, որ 2019թ–ին Արցախի Հանրապետության տնտեսության ՀՆԱ–ն շուրջ 400 մլն դոլար է կազմել այն դեպքում, երբ Հայաստանի ՀՆԱ–ն նույն տարում 13 մլրդ 740 մլն դոլար էր։
«Կարող ենք ասել, որ տոկոսային հարաբերությամբ մի քանի տոկոսն է, բայց իր ազդեցությամբ, իր մուլտիպլիկացիոն էֆեկտով դա շատ լուրջ տնտեսություն էր, աշխատատեղեր էին։ Դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա էական էր, և հիմա մենք այդ տնտեսությունը չունենք։ Մենք պետք է կարողանանք այ սա՛ գնահատել, և թե՛ 2021թ.–ի բյուջեում, թե՛ կառավարության 2021թ.–ի ծրագրերում այս հանգամանքը հաշվի առնենք»,– ասաց տնտեսագետը։
Արցախում կորցրած տնտեսությունը, Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ, հիմնականում մասնավոր սեփականություն է` գործարաններ, մշակովի հողատարածքներ, էլեկտրակայաններ։ Դրանցից յուրաքանչյուրի հետևում կոնկրետ մարդիկ են, գործարարներ, ովքեր ունեցել են իրենց բիզնեսն ու մեկ օրում զրկվել են դրանից։
Բերձորի ու Աղավնոյի բնակիչները բողոքում են. կորցրել են ամեն ինչ, չգիտեն՝ ինչպես ապրել
Իսկ դրանց փոխարեն Արցախում այսօր մեծացել են տնտեսական արժեք չստեղծող սոցիալական աջակցությունները, անտուն մնացած անձանց բնակապահովման, կեցության ծախսերը։
«Եթե մինչ այդ կար աշխատող տնտեսություն, որն արժեք էր ստեղծում, հիմա այն այլևս չկա. կան միայն ծախսեր։ Եվ այս հանգամանքը հետագա տարիներին դեռ իրեն զգացնել է տալու»,– կանխատեսում է Խաչատրյանը։
Արցախի տնտեսության կորուստը պետք է փորձել վերականգնել Հայաստանում
Կորցրած Արցախն ու արցախյան տնտեսության փաստը հաշվի առնելով` Հայաստանը պետք է վերանայի նաև իր տնտեսական զարգացման հայեցակարգը, կարծում է Վահագն Խաչատրյանը։ Նախ հարկավոր է մտածել Հայաստանի հողերի ամեն մի քառակուսի սանտիմետրն օգտագործելու մասին։
Եթե մինչև հիմա Հայաստանի վարելահողերի 15-20 տոկոսը չէր օգտագործվում, այսօր դրանք պետք է մշակվեն` փոխհատուցելու Արցախում կորցրած ցանքատարածությունների տնտեսական վնասները։
Բացի այդ, ըստ Խաչատրյանի, բոլոր այն անձինք, որոնք տարբեր գործարար ծրագրեր ունեին Արցախի հետ կապված, այսօր պետք է դրանք տեղափոխեն Հայաստան, հատկապես, որ հայաստանյան գյուղատնտեսությունը նույնիսկ կորոնավիրուսի համավարակի շրջանում շարունակել է աշխատել ու նույնիսկ աճել։
«Երբ Հայաստանի տնտեսության առևտրի ու սպասարկումների ոլորտը 19-20 տոկոսով կրճատվել էր, գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՀ տնտեսության կառուցվածքում 2-3 տոկոս աճ է գրանցել»,– արձանագրում է տնտեսագետը։
Բայց այս ճյուղի իրական պոտենցիալը, Խաչատրյանի համոզմամբ, շատ ավելին է` հատկապես ջերմային տնտեսությունների պարագայում։
«Եթե մենք կարողանում ենք ինտենսիվ գյուղատնտեսական տեխնոլոգիաներ կիրառենք, մենք կարողանում ենք և՛ մեր արտահանման պոտենցիալը մեծացնել, և՛ մեր ներքին տնտեսությունը հզորացնել»,–ասում է նա։
Իսկ տնտեսության զարգացման ամենակարևոր պայմանը Վահագն Խաչատրյանը համարում է կոռուպցիայի ու հովանավորչության բացառումն ու մրցակցության հավասար պայմանների ապահովումը։
«Դրան պետք է ավելացնել քաղաքական, սոցիալական կայունությունը, երկրում ընդհանուր առողջ մթնոլորտը։ Իսկ դա նշանակում է վստահություն իշխանության նկատմամբ, իրար նկատմամբ»,– ընդգծում է Խաչատրյանը` նման մթնոլորտի ձևավորման մեջ կարևորելով ինչպես քաղաքական կուսակցությունների ու պետական կառույցների, այնպես էլ շարքային քաղաքացիների դերը։
Գնանք Հայաստան` ի՞նչ անենք. փնտրվում են ներդրողներ ու «Մարշալի պլան»
Կոնֆլիկտային երկրում լուրջ ներդրումներ ակնկալելն անիմաստ է։ Բայց տարիներ շարունակ խոստացվող ներդրումների բացակայության մեղավորը միայն Արցախի չլուծված խնդիրը չէ, այլ նաև Հայաստանի տնտեսության սահմանափակ հնարավորությունները։
«Մենք այնքան փոքր տնտեսություն ունենք, որ մեզ մոտ եթե ներդրում արվի, պիտի արվի Հայաստան– Վրաստան– Ադրբեջան, կամ Հայաստան– Վրաստան միասին։ Առանձին մեր երկրներում ներդրումներ չեն անի։ Խոշոր ընկերություններում շահութաբերության հաշվարկի դեպքում պիտի ասեն` գնանք ի՞նչ անենք։ Մենք երբեք սրա մասին չենք խոսել, մենք փորձել ենք մեր հասարակությանը բոլորովին այլ պատկեր ներկայացնել` մենք, մեր տեխնոլոգիաները, մեր IT-ն։ Ոչինչ էլ չկա. ո՛չ IT կա, ո՛չ բարձր տեխնոլոգիաներ կան, ո՛չ համապատասխան կադրեր ունենք։ Մեր ամբողջ խնդիրը դրա մեջ է, որ ինքներս մեզ խաբելով, հետո այդ խաբելու մեջ մոռանալով, որ մենք ենք մեզ խաբել, սկսել ենք այդ ստին հավատալ ու մեկ էլ պարզվում է, որ ոչինչ էլ չունենք»,– ասաց Խաչատրյանը։
Տարածաշրջան եկող ներդրողը, Խաչատրյանի խոսքով, կգերադասի Վրաստանը, որտեղ հարկային դաշտն ավելի մեղմ է, երկիրը կոմունիկացիաներով ավելի ապահովված է, անվտանգության առումով ավելի վստահելի է, քան Հայաստանը։
Ներդրումների սպասող երկիրը, տնտեսագետի համոզմամբ, պետք է կարողանա գրավիչ դառնալ, պետք է կարողանա ընտրել իր հաղթաթուղթը` լինի դա կրթությունը, գյուղատնտեսությունը, թե արդյունաբերության որևէ ճյուղ։
Ղարաբաղի մեջ դարձանք փախստական. Ասկերանի շրջանի բնակիչ
Որպես հետպատերազմյան երկրների տնտեսական վերականգնման վառ օրինակ` Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում բերեց Գերմանիայի ու Ճապոնիայի օրինակը` միևնույն ժամանակ շեշտելով, որ միայն տեսակով գերմանացի ու ճապոնացի լինելը, այուամենայնիվ, բավարար չէր փլատակներից վեր բարձրանալու համար։
«Այդ երկրների հետևում կար ԱՄՆ–ն, կար «Մարշալի ծրագիր» ու կային գումարներ»,– ասաց նա` հավելելով, որ ի տարբերություն այս երկրների` Հայաստանը չունի ո՛չ բավարար դրամական միջոցներ, ո՛չ հովանավոր, ու ո՛չ էլ սեփական «Մարշալի ծրագիր»։
Այս պարագայում պատերազմի հետևանքները հնարավորինս արագ թոթափելու ու վերականգնվելու համար Հայաստանն ու Արցախը, Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ, պետք է գտնեն ճիշտ ներդրողների ու կազմեն ճիշտ տնտեսական ծրագիր։