ՌԱԴԻՈ

Ամեն ոք փորձում է իր դեմքը փրկել. Աբրահամյանը` սկանդալային ձայնագրության մասին

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի սկանդալային հեռախոսազանգին։
Sputnik
Ամեն ոք փորձում է իր դեմքը փրկել. Աբրահամյանը` սկանդալային ձայնագրության մասին

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ սկանդալային զրույցը խորացրեց մինչ այդ եղած մտահոգությունները։

Նրա դիտարկմամբ` այդ ձայնագրության հիմքը, թե ինչ իրադարձություններ են եղել, հարցի երկրորդ կողմն է, այս իրավիճակում Արցախի նախագահը պարտավոր է պարզաբանումներ ներկայացնել, որովհետև Ռուսլան Իսրայելյանը հաստատել է տեղի ունեցածը, այսինքն` կարելի է միանշանակ պնդել, որ դա կեղծ չէ, ուստի Արցախի նախագահը պարտավոր է պարզաբանել ընդհանուր իրավիճակը, այդ իրավիճակում Հայաստանի օժանդակության ծավալը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանն օգտագործել է իր ողջ ներուժը պատերազմի հաղթական ավարտին հասնելու համար։

«Պետք է պարզվի, թե ինչն է եղել պարտության պատճառը։ ՀՀ իշխանություններն ունեն իրենց պարզաբանումները, սակայն վերջին շրջանում իշխանությունների պահվածքն ու պաշտոնական հայտարարությունները որևէ կերպ վստահություն չեն առաջացնում, ուստի այդ ձայնագրությունը ոչ միայն բազմաթիվ մեծ մտահոգություններ է առաջացրել, այլև խորացրել է մինչ այդ եղած մտահոգությունները։ Այն ինչ ասվել է հեռախոսազրույցի ընթացքում, տարբեր խողովակներով ու հարթակներով շրջանառվել է, ուստի այս իրավիճակում մեծ թվով պաշտոնյաներ հանրության առջև պետք է նոր պարզաբանող հայտարարություններ անեն»,– նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Աբրահամյանի կարծիքով` ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրը փորձում է իր դեմքը փրկել, և նմանատիպ ձայնագրություններ, արտահոսքեր դեռ շատ են լինելու, ու թեև դրանք հանրային տրամադրությունների վրա դրական ազդեցություն չեն ունենում, բայցևայնպես պատերազմը բազմաթիվ անպատասխան հարցեր է թողել, որոնք տարբեր փուլերում տարբեր ձևերով դեռևս իրենց դրսևորումներն ունենալու են։

«Լավ էլի, մտան Փաշինյանի տուն, տեսանք ինչ կար». Ալեն Սիմոնյանը` ձայնագրության մասին

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարի համոզմամբ` Արայիկ Հարությունյանը նույնպես պատասխանատվության իր չափաբաժինն ունի այս ողջ գործընթացում, և նման արտահոսքերը չեն կարող որևէ կերպ նրա համար իրավիճակը փրկել, ռազմաքաղաքական վերնախավում յուրաքանչյուր մարդ կրելու է պատասխանատվության իր բաժինը։ Ըստ նրա` Հարությունյանն այնքան ձախողումներ է ունեցել, որ հեռախոսազրույցն այդ շղթայի ընդամենը մի մասն է կազմում, որը որոշակի պարզաբանումներ է մտցնում նախկինում եղած հարցադրումներում և առաջ է քաշում նոր խնդիրներ, հետևաբար սկանդալային հեռախոսազանգի հետ կապված խմորը դեռ շատ ջուր է տանելու, ինչպես նաև ամբողջ շղթան բացահայտելու խնդիր է առաջանալու։

Հիշեցնենք, որ երեկ սոցցանցերում տարածվեց հերթական սկանդալային ձայնագրությունը` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի մասնակցությամբ։ Խոսակցության ընթացքում Հարությունյանն ասում է, որ 10 օր է` օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի ստացել: