Ալիևը ճանապարհել է Մինսկի խմբին՝ շեշտելով, որ նրանց չէր հրավիրել

«Ասեք տեսախցիկների առաջ, եթե ասելիք ունեք...»: Ադրբեջանի նախագահը ԵԱՀԿ ՄԽ գործունեությունն անօգուտ է համարում, բայց չի խանգարել , որ նրանք Բաքու այցելեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու, և եթե նրանք ասելիք չունեն, կարող են հեռանալ: Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Բաքու գալը ձեր գաղափարն էր։ Ես սա կարող եմ ևս մեկ անգամ ասել տեսախցիկների առջև. ես Մինսկի խմբին չեմ հրավիրել։ Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, դեմ չեղա։ Գուցե նրանք ինչ-որ բան ունեն ասելու։ Եթե ուզում եք ասել տեսախցիկների առջև, ասացեք, եթե ոչ, ես կխնդրեմ նրանց հեռանալ։ Լսում եմ ձեզ», - Ալիևի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը:

Ըստ Ալիևի՝ Մինսկի խումբը ոչ մի դերակատարում չի ունեցել հակամարտության կարգավորման գործում, չնայած որ 28 տարի շարունակ ունեցել է այդ մանդատը։

«Թեև Մինսկի խումբը հանդես էր գալիս գաղափարներով և աշխատում էր ստեղծագործաբար գործել, դա ոչ մի արդյունք չտվեց», - ասել է Ալիևը:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին ու Էնդրյու Շոֆերը պաշտոնական այցով Բաքու էին մեկնել այսօր։ Վաղը` դեկտեմբերի 13-ին նրանք Երևան կժամանեն։