Ադրբեջանական հարձակումը պետք է արժանանա ՌԴ խաղաղապահների արձագանքին. Փաշինյանի խոսնակ

Մանե Գևորգյանը վստահեցնում է, որ իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Հադրութի շրջանի Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ ադրբեջանական հարձակումը պետք է ՌԴ խաղաղապահ ուժերի արձագանքին արժանանա: Facebook-ի պաշտոնական էջում հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Դեռ վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»,- գրել է Գևորգյանը։

Հիշեցնենք` Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:

ՀՀ ՊՆ–ն ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանը հարձակողական գործողություններ է սկսել նաև Արցախի 2 բնակավայրերի` Հին Թաղլարի և Խծաբերդի ուղղությամբ։